ՀՀ նախագահն իրավիճակին տեղում ծանոթանալու համար այցելել է Ջերմուկ
ՏեսանյութերՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակին։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանի, պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատներ։
«ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ, ովքեր իրենց հերոսական գործողություններով զգալի վնաս են պատճառել հակառակորդին։ Նախագահը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։