Տղամարդը սպառնում է Կիևյան կամրջից իրեն ցած նետել
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել ու սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ԱԻՆ հոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբանը:
Փրկարարները, փրկարար-հոգեբանը, պարեկներն ու 2 երիտասարդ տղաներ բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:
Ի վերջո, պարեկներին հաջողվեց համոզել այդ տղամարդուն, ով այնուհետև վտանգավոր եզրագծից անցել է ապահով վայր և պարեկների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա բողոքում էր, որ իրեն վարորդական իրավունքի վկայական չեն տալիս:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: