Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ Թայվանին օգնություն տրամադրելու մտադրության կապակցությամբ
Չինաստանը խիստ բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու օրինագծի առնչությամբ, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։
«Համապատասխան օրինագիծը լրջորեն խախտում է Թայվանի հարցում Չինաստանի հանդեպ ԱՄՆ-ի պարտավորությունները, խախտում է «Մեկ Չինաստան» սկզբունքը եւ չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթները, միջամտում է Չինաստանի ներքին գործերին, խախտում է միջազգային իրավունքը եւ միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը եւ լուրջ կեղծ ազդանշան է ուղարկում Թայվանի անկախությանը կողմ հանդես եկող անջատողական ուժերին»,- հայտարարել է դիվանագետը:
Նա ընդգծել է, որ «Չինաստանը կտրականապես դեմ է դրան»։
Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել մի օրինագծին, որը Թայվանին 4.5 միլիարդ դոլար չորս տարվա ընթացքում, մինչեւ 2 միլիարդ դոլարի ռազմական գնումների վարկային երաշխիքներ եւ «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի» կարգավիճակի շնորհում էր էր տրամադրում։ Համապատասխան հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո «Թայվանի քաղաքականության մասին» օրենքի նախագիծը փոխանցվում է Կոնգրեսի վերին պալատի ամբողջ կազմի քննարկմանը։