ԱՄՆ-ը Ռուշդիի վրա հարձակումից հետո կարող է նոր պատժամիջոցներ մտցնել Իրանի դեմ. WSJ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իրանի իշխանությունների հետ կապված կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը՝ բրիտանական գրող Սալման Ռուշդիի դեմ «մահափորձ սադրելու» համար, տեղեկացրել է The Wall Steet Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Թերթը նշել է, որ կարող է սահմանափակվել համաշխարհային ֆինանսական համակարգի հասանելիությունն այդ կազմակերպությունների համար, որովհետեւ, ինչպես նշվել է, նրանք առաջարկել էին պարգեւ գրողի սպանության համար։ Վարչակազմի կարծիքով՝ առաջարկն ինքնին կարող էր դրդել չարագործներին։
ԱՄՆ-ի կարծիքով՝ Իրանի իշխանությունների հետ կապված կազմակերպությունները կարող են պատասխանատու լինել Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Հոմեյնիի ֆեթվան (հրաման) պաշտպանելու համար, որով կոչ էր արվում պատժել Ռուշդիին աստվածանարգության համար։ Սահմանափակումների տակ կարող է հայտնվել «Ֆոնդ Խորդադ-15»-ը՝ բարեգործական կազմակերպություն, որն իբր վերահսկում է Իրանի ղեկավարությունը։
1997թ. ֆոնդը պարգեւ է նշանակել Ռուշդիի գլխի համար՝ 2,5 մլն դոլար, իսկ 2012թ. այդ գումարն ավելացվել է՝ 3,3 մլն դոլար։ Մահափորձից հետո կազմակերպությունը «լռություն էր պահպանել», նշել է The Wall Steet Journal-ը։ Պարբերականը նաեւ գրել է, որ իրանական որոշ լրատվամիջոցներ, այդ թվում «Ֆարս» տեղեկատվական գործակալությունը, որը համարվում է «կիսապաշտոնական կառավարական ռեսուրս», պատրաստ էին հատկացնել 600 հազար դոլար պարգեւի գումարին՝ բրիտանական գրողի սպանության համար։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին մինչ այդ հայտարարել էր, որ բրիտանական գրող Սալման Ռուշդիի դեմ հարձակման մեղավորը միայն ինքն է, ինչպես նաեւ նրանք, ովքեր աջակցել են իրեն։