Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը․ իսպանացի պատգամավոր
Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված իրադրությունից, միակողմանի հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 15-ին Իսպանիայի խորհրդարանում հայտարարեց իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ իր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին։
«Միակողմանի այս հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Անհեթեթություն է, թե ինչպես է աշխարհը փակում իր աչքերն այս ամենի հանդեպ։ Սա խոսում է Եվրոպայի կրկնակի ստանդարտների մասին։ Եթե Ուկրաինայի հարցով պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ, ապա նույնը չի արվում բռնապետ Ալիևի դեմ»,- ասաց Ինյարիտուն։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական գազը չպետք է պատճառ դառնա, որպեսզի Եվրոպան կորցնի զգոնությունն ու պատշաճ կերպով չարձագանքի Ադրբեջանի հանցավոր գործողություններին։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։