Կարո՞ղ էր
Կարո՞ղ էր արդյոք 2018-ին Նիկոլ Փաշինյանը կանխատեսել դեպքերի նման ընթացք: Կարո՞ղ էր արդյոք գիտակցել, որ պետության ղեկավարի կարգավիճակը մեծ պատասխանատվություն է ենթադրում, եւ հնարավոր է, որ ինքը չկարողանա պատվով դուրս գալ այդ բեռի տակից: Կարո՞ղ էր արդյոք գիտակցել, որ չհաջողելու եւ մեր պետականությունը վտանգելու համար կարող է կանգնել պատմության եւ ժողովրդի դատաստանի առաջ:
Կարո՞ղ էր գիտակցել, որ իր գիտելիքները, փորձը, տեսահորիզոնը, ձեռքի տակ եղած կադրային ռեսուրսը... բավարար չեն իրեն ընտրողների հույսերն արդարացնելու համար: Կարծում եմ` կարող էր: Որովհետեւ մեր երկիրը բարդ ու սուղ ռեսուրսներ ունեցող, բազում ծանր խնդիրների մեջ խճճված երկիր է: Բարդ էր ե՛ւ 1990-ին, ե՛ւ 2000-ին, ե՛ւ 2018-ին: Այդ խնդիրներն ու դրանց լուծման դժվարությունները չգիտակցելու համար պետք է առնվազն ողջ կյանքումդ ապրած լինես Աքորի գյուղում, զբաղված լինես բացառապես անասուն պահելով, որ երբ քեզ առաջարկեն երկրի վարչապետի պաշտոնը, ուրախությունից շունչդ կտրվելով` համաձայնես, մտածելով, որ կառավարական դաչայի ջակուզին հոդացավերդ բուժելուն կօգնի: Իսկ ցանկացած կիրթ մարդ, ով թերթի խմբագիր եւ ընդդիմադիր պատգամավոր է եղել, պետք է գիտակցի, թե ինչ բեռ է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, եւ այն ստանձնելիս գնահատի նաեւ ռիսկերը:
Ես, իհարկե, չեմ ասում, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվեր ի վերուստ իր գլխին ընկած բարձր պաշտոնից, դրա համար շատ մեծ խելք է հարկավոր: Բայց կարող էր, չէ՞, ցիրուցան չանել ՀՀ կադրային բանկը: Կարող էր, չէ՞, հանրությունը չբաժանել յուրայինների եւ օտարների, որտեղ յուրայիններն անպատրաստ քայլողներն էին, իսկ օտարները` հմուտ մասնագետները: Կարող էր, չէ՞, մեր դաշնակիցներին չվանել մեզնից: