Չեմ հավատում հերքմանը, թե ոչինչ չեն ստորագրել, վստահ եմ՝ վախեցել են ԱԺ-ի մոտ հավաքվող հազարավոր մարդկանցից․ Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, թե չի հավատում իշխանությունների հերքմանը, թե որևէ փաստաթուղթ չեն ստորագրել Ադրբեջանի հետ։
«Ես չեմ հավատում նիկոլենց հերքմանը, թե ոչ մի բան չեն ստորագրել ու չեն էլ պատրաստվում ստորագրել, բայց վստահ եմ, որ վախեցել են ԱԺ-ի մոտ իրենց համար շատ անսպասելի ինքնաբուխ հավաքվող հազարավոր մարդկանցից»,– գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասել էր, թե իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որը խաղաղություն կերաշխավորի։
Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։
«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,– գրել է նա: