Բաքուն պատրաստ է Հայաստանին հանձնել շուրջ 100 զոհերի մարմինները
«Բաքուն պատրաստ է Հայաստանին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։
«Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին՝ դադարեցնել կրակը և պատրաստ է միակողմանիորեն հակառակ կողմին հանձնել հայ շուրջ 100 զինծառայողների մարմինները, որոնք զոհվել են սեպտեմբերի 12-ին և 13-ին», - նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։
Հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: