Տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում են հայ ռազմագերիներ. ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ
Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։
Այս մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հաղորդագրության մեջ:
«Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:
Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: