«Մարդասպաննե՛ր» վանկարկումների ներքո ոստիկանները ՔՊ պատգամավորների համար ճանապարհ բացեցին
Մարդասպաններ, գնացեք թուրքերին ծառայեք, ձեզ օր ու արև չեմ տալու: Այս վանկարկումների ներքո ոստիկանները ճանապարհ բացեցին ՔՊ պատգամավորների համար դեպի ԱԺ:
Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, նրանց միացած քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց են՝ պատգամավորներից պահանջելով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Դուրս եկեք մեր երկրից, դուք էստեղ գործ չունեք: Գնացեք թուրքերին ծառայելու, դուք գործակալներ եք, ամեն օր այստեղ եմ լինելու, օր ու արև ձեզ չեմ տալու: Չի մտնելու ԱԺ, ԱԺ-ն հայկական է ձերը չի: Ռադ եղեք մեր երկրից»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ Կարինե Այվազյանը:
Վերջինս ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանին հարցրեց, թե ինչու է վարչապետը պաշտպանում թուրքերին, գործում նրանց կողմից, ինչին վերջինս պատասխանեց. «Չի պաշտպանում: Մայրիկ ջան, մի քիչ բորբոքված եք, եթե դեմ չեք, ես ձեզ կհրավիրեմ, աշխատասենյակում կխոսենք, հիմա ուշանում եմ: Հիմա չեմ կարող, ԱԺ նիստ է»:
Նշենք, որ պատգամավորները ոտքով կամ մեքենաներով մոտենում են Դեմիրճյան փողոցին, որտեղ ոստիկանները պատ են կազմել և փակել փողոցը: Ոստիկանները բացում են շղթան, մեքենաները մտնում են, որից վերականգնում են պատը՝ թույլ չտալով քաղաքացիներին առաջանալ դեպի Դեմիրճյան փողոց: