Իրավիճակը՝ Իշխանասարում․ մանրամասնում է գյուղապետը
Ադրբեջանական կողմը գիշերը մոտ ժամը չորսից մինչեւ առավոտյան մոտ ժամը տասն ակտիվ կրակ է բացել Սյունիքի մարզի Իշխանասար լեռան ուղղությամբ՝ կիրառելով հրետանի եւ ականետեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը։
«Այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցներ չեն հնչում։ Մենք գյուղից տարհանել ենք կանանց եւ երեխաներին, տարել ապահով վայր, իսկ տղամարդիկ գյուղում են՝ մարտական տրամադրվածությամբ»,- ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։