Կիպրոսի ԱԳՆ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը Հայաստանի վրա
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը: Այս մասին ասվում է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ՝ այսօր վաղ առավոտյան Հայաստանի դիրքերի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո։
Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և կոչ է անում պահպանել 2020թ.նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը ՝ լարվածությունը արագ թուլացնելու համար։
Կիպրոսի Հանրապետությունը պաշտպանում է վեճերի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի հիման վրա», – նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, որի ընթացքում է որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի հաստատված 49 զոհ և վիրավորներ։