Կանադան անհանգստացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարվածների առնչությամբ. ԱԳ նախարար Ջոլի
Կանադան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանում բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվծանքերին հարվածների առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:
«Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ: Մենք դեէսկալացիայի, հրադադարի լիարժեք հարգման և ԵԱՀԿ-ի միջոցով բովանդակալից երկխոսության վերադառնալու կոչ ենք անում»,-ընդգծել է նախարար Ջոլին:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 21:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: