Ոչ մի իշխանություն այսքան ավեր ու կոտորած չի բերել, երկիրն անդունդի եզրին չի հասցրել, որքան դուք․ ճիշտ որ՝ էլ ի՞նչ պիտի լինի․ Գասլտյան
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ԷԼ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ․ իսկապես
Կա ճշմարտություն, կա` սուտ, և կա կես ճշմարտություն, որ ավելի եղկելի է, քան սուտը: Մանավանդ, երբ այն քողարկված է երեսպաշտությամբ ու բարոյականության բոլոր կարմիր գծերը հատած ցինիզմով:
Ավելի աղետալի, ավելի դառը իրավիճակ դժվար է պատկերացնել: Հայաստանի արևելյան սահմանը խոցված է, ինքնիշխանությունը վաղուց է կասկածի տակ, հավանաբար ամեն պահի հայ զինվորի արյուն է հոսում: Իսկ ԱԺ դահլիճում երկրի թիվ մեկ մեղավորն, առանց մեղքի զգացումի մոտ մեկ ժամ բացահայտում է, թե որքան սնանկ ու խոցելի է Հայաստանը, իր ղեկավարած Հայաստանը, որքան անպաշտպան է հայ մարդը․․․
Ու քաղաքական մեծամասնությունը, ՔՊ-ն, որն այս ողբերգական իրականության հիմնական պատասխանատուն է և մեղավորը, եկել՝ ԱԺ ամբիոնից դեռ փորձում է ընդդիմությանը մեղադրել, իբրև թե ափսոսանք հայտնել, թե նույնիսկ այս իրավիճակում չենք համախմբվում երկրի և պետականության շուրջ, թե իբր մեզ պետականությունը չի հետաքրքրում:
Կարելի էր արհամարհել, եթե այդքան ցինիկ ու մերկապարանոց չլիներ այս հայտարարությունը։ Եվ այս մեղադրանքը հնչեցնում են այն ուժերի հասցեին, որոնք 44-օրյա պատերազմի երկրորդ օրը հայտարարեցին, որ հանուն Հայոց պետականության մի կողմ են դնում բոլոր քաղաքական տարաձայնությունները և կանգնում են Հայոց Բանակի և պետության կողքին:
Եթե այսօր, օրհասական այս իրավիճակում չկարևորեինք միասնականությունը, առաջարկությունները չէինք ներկայացնի: Ինչպես և սպասելի էր, դրանք մերժվեցին ՔՊ-ի կողմից, պատճառաբանությամբ, թե առաջարկությունները վերաբերելի չեն հայտարարությանը: ՔՊ-ն պարզապես քաջություն չունեցավ առերեսվելու իրականությանը, տեսնելու սեփական մեղքը, Հայրենիքը կործանման եզրին հասցնելու իրողությունը։
Ուզեք թե ՝ ոչ, պատերազմն արդյունք էր բանակցայաին գործընթացը զրոյական կետից սկսելու ն-ի սևեռուն համոզումի, ձեր տարփողած խաղաղության դարաշրջանի սնանկության և, առհասարակ, այն դիլետանտ ու ապազգային քաղաքականության, որն համատարած է բոլոր ոլորտներում: Եվ առանց այս ակնհայտ ճշմարտությունների, սեփական պատասխանատվության և մեղքի գիտակցման, երկիրը նոր և ավելի անվերադարձ կորուստների եք տանելու:
Հասկանալի է միասնականություն կորզելու, խորհրդարանի լեգիտիմությունը ապահովելու ձեր ճիգը:
Բայց միասնականությունը գաղափարների և արժեքների շուրջ են կառուցում, անկեղծության և նվիրումի: Ես ո՞ւմ հետ միասնական լինեմ՝ Արցախի ինքնորոշումը ուրացողի, Շուշին դժբախտ համարողի, հինգ հազարին ապրելու իրավունքից զրկողի, թե՞ Հայրենիքը թշնամուն հանձնողի հետ:
Այսօր այն օրն էր, որ կարելի էր լինել միասնական, ասում եք դուք: Պատերազմը չավարտած երկրի համար ամեն օրն այդպիսին պիտի լիներ:
Էդ դուք չեի՞ք ազգին սևերի ու սպիտակների բաժանողները, ատելության ու անհանդուրժողականություն սերմնացանները, պատրին ծփողները, քաղաքական ընդդիմադիրներին ոստիկանական բաժիններում կեղեքողները:
Այսօր միասնականություն մուրող Վահագն Ալեքսանյանն ու ընկերները գուցե հիշեն ԱԺ դահլիճում իրենց գլադիատորական գործողությունները։
ԱԺ խոսնակն ասում է՝ էլ ի՞նչ պիտի լինի… էս մի բանում համաձայն եմ՝ ոչ մի իշխանություն այսքան ավեր ու կոտորած չի բերել, երկիրն անդունդի եզրին չի հասցրել, որքան դուք․․․․ճիշտ որ՝ էլ ի՞նչ պիտի լինի։
-Խի՞ եք գալիս ԱԺ, ո՞ւմ եք պետք, մեղադրում է մեզ խոսնակը…Մենք պետք ենք մեր երկրին, ընտրողին, որը մեզ ձեզ պես չարիքից ազատվելու մանդադ է տվել։
-Բա դուք ո՞ւմ եք պետք,- հարցնում եմ ես, -վստահ իմանալով՝ Ադրբեջանին ու Թուրքիային, որոնց խոնարհ ծառայում եք այս էլ 4 տարի»։