Հակառակորդի կրակոցների հետևանքով այրվում են Ջերմուկի անտառները
Ադրբեջանական զինուժի կրակի արդյունքում Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»:
Նա նաև հայտնեց, որ այն տարածքներում, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարողանում իրականացնել: Մնացած հատվածներում, որոնք չենք դիտարկվում, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, նաև հերթապահություն:
ԱԻՆ-ի տեղեկություններով՝ հրդեհը սկսվել է ժամը 18:00-ի սահմաններում:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: