Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը․ ՊՆ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ- ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
«Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածի և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է վաղ առավոտյան ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։