Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները բացարձակ հանցավոր են, բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ․ Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի (Վարդենիսի, Գորիսի, Ջերմուկի, այդ համայնքների գյուղերի ուղղությամբ և այլն) նկատմամբ բացարձակ հանցավոր են, բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ:
Այս սանձարձակ արարքները ադրբեջանական պատերազմական հանցանքների համար անպատժելիության արդյունք են, ցեղասպան քաղաքականության հետևանք:
Ակնհայտ է, որ նրանք հարձակման արհեստական հիմքեր էին ստեղծում կեղծ խաղաղության շղարշով: Որևէ անգամ ոչ միայն չեն դադարեցրել հայատյացության ու ատելության հովանավորությունը, այլ ավելի են խորացրել»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ»: