Ադրբեջանը Հայաստանի սահմանագծով հարվածներ է հասցնում, կիրառում է նաև ԱԹՍ–ներ (թարմացվում է)
«Մոտ երկու ժամ առաջ սկսել են փոքր տրամաչափի զենքերից կրակոցներ արձակել, ապա տրամաչափերը մեծացրել են, որից հետո հրետանային միջոցներ, անօդաչուներ են սկսել կիրառել։ Հիմնական ուղղությունը Սոթք ու Նորաբակ ուղղություններն են։ Այս պահին չեմ կարող ինֆորմացիա տալ՝ տուժող կամ վնասված շինություններ կան, թե ոչ, իրավիճակը խառն է։ Տեղյակ եմ, որ որոշ մարդիկ իրենց միջոցներով Նորաբակից դուրս են եկել, խառն է վիճակը, կազմակերպված տարհանման մասին տեղեկություն չկա,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
01.00
Ադրբեջանը հարվածներ է հասցնում Հայաստանի սահմանների տարբեր ուղղութուններով, մասնավորապես` Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Ջերմուկի հարակից դիրքերին:
Գորիսի բնակիչներից մեկը NEWS.am-ին ասաց, որ քաղաքում 23.30-ից հրետանու ձայներ են լսվում։ Նա նշեց, որ Սև լճի մոտ է հարձակումը տեղի ունենում։ Բնակիչները նաև ԱԹՍ են նկատել Կոռնիձորի ուղղությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի զինուժը հարձակում է սկսել նաև Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։
«Ադրբեջանական զինված ուժերը հարձակում են սկսել նաև Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»,– գրել է նա: