Գերմանիայի տնտեսությունը հաջորդ տարի կկրճատվի․ Ifo
Գերմանիայի տնտեսությունը հաջորդ տարի կկրճատվի, քանի որ ուկրաինական պատերազմի պատճառով էներգակիրների գների կտրուկ աճը վերացնում է համավարակի հետ կապված արգելափակումից վերականգնվելու հնարավորությունները: Այս մասին հայտարարել է Ifo ինստիտուտը, փոխանցում է Reuters-ը։
Ինստիտուտը փոխել է 2023 թվականի հունիսին 3,7 տոկոս աճի կանխատեսումը եւ այժմ կանխատեսում է, որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը կկրճատվի 0,3 տոկոսով: Միաժամանակ նա 2023 թվականի համար գնաճի իր կանխատեսումը բարձրացրել է 6 տոկոսային կետով՝ մինչեւ 9,3 տոկոս։
2022 թվականի համար Ifo-ն աճի կանխատեսումը 2,5 տոկոսից նվազեցրել է մինչեւ 1,6 տոկոս, իսկ գնաճի կանխատեսումը 6,8 տոկոսից հասցրել է 8,1 տոկոսի։
«Ամռանը Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումը եւ դրանց պատճառած գների կտրուկ աճերը վնաս են հասցրել հետկորոնավիրուսային տնտեսության վերականգնմանը»,- ասել է Ifo-ի տնտեսական կանխատեսումների բաժնի ղեկավար Տիմո Վոլմերշոյզերը:
Ինստիտուտի տվյալներով՝ 2023 թվականի առաջին եռամսյակը հատկապես ծանր է լինելու սպառողների համար, քանի որ էներգակիրներն, ի պատասխան գնումների մեծ ծախսերի, ճշգրտում են իրենց գները, ինչը հանգեցնում է 11 տոկոս գնաճի: Արդյունքում տնային տնտեսությունների գնողունակությունը կնվազի, իսկ օգնության կառավարական փաթեթը կմեղմացնի հարվածը, բայց բոլորովին չի փոխհատուցի այն, հայտարարել է ինստիտուտը:
«Գնողունակության կորուստը, որը չափվում է մեկ շնչին ընկնող իրական աշխատավարձի նվազմամբ այս եւ հաջորդ տարի մոտ 3 տոկոսով, ավելի մեծ է, քան երբեւէ 1970-ին ազգային հաշիվների ներկայիս համակարգի ներդրումից ի վեր»,- ասել է Վոլմերշոյզերը:
Գների աճը պետք է աստիճանաբար թուլանա գալիք տարվա ընթացքում (հաշվարկվում է ելնելով նրանից, որ ձմռանը գազը բավարար կլինի), եւ էներգակիրների գները կսկսեն նվազել 2023 թվականի գարնանից ոչ ուշ, հայտարարել են ինստիտուտում:
2024 թվականի համար Ifo-ն կանխատեսում է 1,8 տոկոս տնտեսական աճ եւ 2,5 տոկոս գնաճ։
Գերմանիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում փոքր-ինչ աճել է՝ տնային տնտեսությունների եւ պետական ծախսերի հաշվին: