Այս տարի Հունաստանում ռեկորդային բարձր եկամուտներ են սպասվում տուրիզմի ոլորտում
Տեղի պաշտոնյաների, ճյուղի փորձագետների եւ վերլուծաբանների խոսքով՝ այս տարի տուրիզմը Հունաստանում ռեկորդային բարձր եկամուտներ կբերի՝ գերազանցելով մինչեւ համավարակը եղած մակարդակը։
«2022-ը զարմանալի էր հունական տուրիզմի համար... Ես ուրախությամբ ասում եմ, որ ինչպես բրենդային, այնպես էլ այլընտրանքային ուղղություններն ինչպես կղզիներում, այնպես էլ մայրցամաքում, այս տարի լիքն են եղել ճամփորդողներով եւ զբոսաշրջիկներով, եւ այս տարի մենք մտադիր ենք գերազանցել 2019թ. ցուցանիշները, որոնք մինչ այժմ ռեկորդային էին տուրիզմի ոլորտում»,- ասել է տուրիզմի նախարար Վասիլիս Կիկիլիասը «Սինհուա» գործակալության հարցազրույցում։
2019թ. Հունաստանը գրանցել էր 32 մլն այցելություն եւ մոտ 18 մլրդ եվրո եկամուտ տուրիզմից, վկայում են Հունաստանի բանկի տվյալները։
Ընթացիկ տարվա տվյալները վկայում են, որ միտումը վերադառնում է։ Տուրիզմի եկամուտները 2022թ. հունիսին 224,5 տոկոսով եւ 329,3 տոկոսով հունվար-հունիսին ավելի բարձր են եղել, քան 2021թ. նույն ժամանակամիջոցում, նշել է Հունաստանի բանկը։
2019թ. համեմատ եկամուտները 2022թ. հունիսին ավելացել են 2,3 տոկոսով։
Alpha Bank-ի վերջերս իրականացրած վերլուծության համաձայն՝ Հունաստանի եկամուտները տուրիզմից այս տարի կհասնեն 20 մլրդ եվրոյի՝ համավարակի ժամանակ հյուրանոցների փակվելուց հետո զբոսաշրջային աշխուժության շնորհիվ, ինչը զգալի խթան կհանդիսանա ՀՆԱ-ի համար։
«Տուրիզմի համար երկու շատ ծանր տարիներից հետո այս տարի տեղի ունեցավ չափազանց դրական վերելք, որը շատ է օգնում մեզ եւ Հունաստանի տնտեսությանը։ Որպես սեկտոր՝ մենք սովորաբար կազմում ենք ՀՆԱ-ի 25 տոկոսը, սա բավական մեծ թիվ է ազգային տնտեսության համար»,- «Սինհուայի» հարցազրույցում ասել է Հյուրանոցների հունական պալատի նախագահ Ալեքսանդրոս Վասիլիկոսը։