Հունաստանը Թուրքիային մեղադրել է անլեգալ միգրանտների դեմ զենք օգտագործելու մեջ
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Թակիս Թեոդորակիսը շաբաթ օրը մեղադրել է Թուրքիային անլեգալ միգրանտների դեմ «դաժանաբար եւ անբարո կերպով զենք օգտագործելու» մեջ, տեղեկացրել է Kathimerini-ն։
Skai TV-ի հեռուստաալիքի եթերում Թեոդորակիսը տեղեկացրել է, որ միայն օգոստոսին 40 000 անլեգալ միգրանտ փորձել է հատել Հունաստանի սահմանը Էվրոսով, իսկ տարեսկզբից այդ թիվը հասել է 150 000-ի։
«Մեր ուղերձն այն է, որպեսզի ոչ ոք անլեգալ չհատի Էվրոսը, մենք դա թույլ չենք տա,- ընդգծել է նա։- Հունաստանը օրը 24 ժամ պահպանվում է ոստիկանության եւ բանակի կողմից, եւ (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանը պետք է նկատի ունենա սա»,- ասել է նա։
Կասկած չկա, որ հազարավոր միգրանտների հոսքն ուղղվում է թուրքական կողմից, ավելացրել է նա՝ կանխատեսելով, որ դա կշարունակվի «այն բանի համար, որպեսզի շանտաժի ենթարկեն Եվրոպային եւ Հունաստանին»։ Թեոդորակիսը նշել է, որ Հունաստանն իրականացնում է Էվրոսի սահմանների պաշտպանության այսպես կոչված «Ակրիտաս» պլանը՝ ավելացնելով, որ եվրոպացիները պետք է օգնեն այդ ջանքերին։
Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները միշտ աչքի են ընկել լարվածությամբ։ Իրավիճակը սրվեց 1974-ից, երբ Անկարայի ներխուժման հետեւանքով Կիպրոսի հյուսիսային մասը հայտնվեց Թուրքիայի վերահսկողության տակ։
Լարվածության հերթական փուլն սկսվել է 2020թ., երբ Անկարան սկսեց հետախուզել Կիպրոսի ափերի գազի հանքավայրերը։
Այդ ժամանակվանից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես սպառնալիքներ է հնչեցնում Հունաստանի հասցեին։