Իրանը կառուցողական չի անվանել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հայտարարությունը ԳՀՀԾ-ի վերաբերյալ
Իրանն արձագանքել է ապակառուցողական հայտարարությանը, որը հրապարակել են եվրոպական երեք խոշոր տերությունները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի վերաբերյալ, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանաանին նշել է բանակցություններում Իրանի մտադրությունների լրջության մասին եւ ասել, որ «բանակցությունների առաջընթացը տարբեր փուլերում, այդ թվում եւ վերջին փուլում, ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությունների եւ գաղափարների շնորհիվ»։
Քանաանին նշել է, որ եվրոպական տերություններն» ընկել են իսրայելական վարչակարգի հոգեբանական պատերազմի ազդեցության տակ, որը ջանքեր չի խնայում, որպեսզի բանակցությունները հասցնի լիակատար տապալման»։
Նա խորհուրդ է տվել եվրոպական երեք երկրներին ավելի ակտիվ դեր խաղալ՝ դիվանագիտական գործընթացը խափանելու փոխարեն, որպեսզի լուծվեն մնացած փոքրաթիվ տարաձայնությունները։
Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հարցի քաղաքականացումից եւ Իրանի դեմ չհիմնավորված մեղադրանքներից խուսափելու անհրաժեշտությունը եւ ասել է, որ «ափսոսում է, որ եվրոպական երկրները, մի կողմից, լիովին աջակցում են հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունեցող վարչակարգին եւ չեն պահպանում չտարածման միջազգային ոչ մի մեխանիզմ, մյուս կողմից՝ նրանք ստեղծում են մթնոլորտ Իրանի Իսլամական Հանրապետության, որը գտնվում է ամենալայն պատժամիջոցների ներքո, միանգամայն խաղաղ միջուկային ծրագրի դեմ»։
Նա նաեւ խորհուրդ է տվել եվրոպացիներին իրանական ժողովրդին վախեցնելու մարտավարություն չբանեցնել։
Այնուհետեւ Քանաանին ասել է, որ «ԱՄՆ-ի ճնշման քաղաքականության տապալումը պետք է լավ դաս ծառայի բոլոր կողմերի համար, որոնք չիմացության պատճառով համարում են, որ սպառնալիքները եւ պատժամիջոցները կարող են խանգարել իրանական ժողովրդին հասնել իր իրավունքներին եւ պաշտպանել իր շահերը»։
ԻԻՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղարն ավելացրել է, որ Իրանը համաձայնագիր կնքելու ցանկություն եւ պատրաստակամություն ունի եւ կարծում է, որ անհրաժեշտ կամքի առկայության դեպքում առաջիկայում կարելի է հասնել դրան։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հայտարարել էին, թե հիասթափված են բանակցություններում Իրանի՝ 2015թ. միջուկային համաձայնագիրը (Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիր՝ ԳՀՀԾ – խմբ.) վերականգնելու պահանջից, որպեսզի «ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությունը փակի երեք օբյեկտներում հայտնաբերված ուրանի մասնիկների հետաքննությունը»։
Դիվանագետները հայտարարել են, որ Իրանի պատասխանը ԵՄ համակարգողին հետընթաց է, քանի որ փորձում է համաձայնագրի վերականգնումը կապել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)՝ ուրանի հետքերի հայտնաբերման հետաքննության փակման հետ։
«Այս վերջին պահանջը Իրանի մտադրությունների մասին լուրջ կասկածներ է առաջացնում»,- նշվել է ԳՀՀԾ-ի մասնակից երեք երկրների հայտարարությունում։- Իրանի դիրքորոշումը հակասում է նրա իրավաբանական պարտավորություններին եւ սպառնալիքի տակ է դնում ԳՀՀԾ-ի վերականգնման հեռանկարները»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն հրաժարվեց միջուկային գործարքից 2018թ. եւ նորից պատժամիջոցներ մտցրեց Իրանի դեմ։ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը որոշել է վերադառնալ միջուկային գործարքին եւ Վիեննայում նախաձեռնել է ԳՀՀԾ-ի վերականգնման բազմամսյա բանակցություններ։