Ակտիվորեն քննարկվում է Հայաստանում փետրվար ամսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը. Դավթյան
Էներգետիկ համակարգին առնչվող տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ստանում, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում 2023 թ. փետրվար ամսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը: Պլանավորվում է, որ միջին կշռված սակագինը կբարձրանա մոտ 5 դրամով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
«Ու թեև սա դեռևս վերջնականապես ճշտված տեղեկություն չէ, նման զարգացումն առավել քան տրամաբանական կլինի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝
ա. շուկայի խիստ ժամանակավրեպ ազատականացումը,
բ. վարկային հսկայական բեռը,
գ. գազի գնի բարձրացումը խոշոր սպառողների, այդ թվում՝ ՋԷԿ-երի համար,
դ. համակարգի ապաանվտանգայնացումն ու անփույթ կառավարումը և այլն:
Հետևանքների մասին խոսելը, թերևս, անիմաստ է: Հետևենք զարգացումներին»,- գրել է նա: