Լուսանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով Երևանում նշվեց Մոսկվայի տոնը
«Մոսկվան պարզապես քաղաք չէ…» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսում այցելուները կարող են տեսնել Ռուսաստանի մայրաքաղաքի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի 875-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 10-ին «Դոմ Մոսկվի» կենտրոնում:
Կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը տեղեկացրեց, որ լուսանկարները տրամադրել է Ռուսական աշխարհագրական ընկերությունը: «Այս աշխատանքներում այսօրվա Մոսկվան է, նրա դինամիկան: Երևում է, թե որքան գեղեցիկ է քաղաքը մեր օրերում: Ես հիշում եմ Մոսկվան 90-ականներին, 2000-ականներին, հետո՝ 2010-ին և 2020-ին: Չեք հավատա, բայց եթե Մոսկվայից թռչում եք Երևան, հետո վերադառնում, տեսնում եք, որ քաղաքն արդեն փոխվել է: Այդքան արագ է զարգանում Մոսկվան և համարվում է աշխարհի լավագույն մայրաքաղաքներից մեկը»,-նշեց Կարապետյանը:
Նա հիշեցրեց, որ 1995 թվականից Մոսկվան և Երևանը գործընկեր քաղաքներ են, և ինքը հպարտ է, որ այս փոխգործակցությունը օգտակար է երկու երկրների համար:
Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և ազգամիջյան թանգարանների վարչության գլխավոր խմբագրի տեղակալ Եվգենի Դրիձեն, որը ներկա էր ցուցահանդեսին, խոստովանեց՝ շատ ուրախ է, որ հայ-ռուսական հարաբերությունները մշտապես կառուցողական ու արդյունավետ են, և «Դոմ Մոսկվի» կենտրոնն այդ գործում մեծ դերակատարություն ունի: «Այն կարևորագույն նախագիծ է, որն արդեն 15 տարի զարգանում Է և բազմաբովանդակ նախաձեռնություններով ու ծրագրերով նպաստում է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը: Կենտրոնը դրական վերաբերմունք է ձևավորում հայերի, Հայաստանի և Երևանի նկատմամբ»,-ասաց Դրիձեն:
Անդրադառնալով ցուցահանդեսին՝ նա ընդգծեց, որ շատ հայեր են եղել Մոսկվայում, ուսումնասիրել են քաղաքը և բավականին դժվար է նրանց ինչ-որ նոր բան ցույց տալ, բայց իրենք փորձում են:
Դրիձեն ծնվել ու մեծացել է Մոսկվայում և այն իր հարազատ քաղաքն է համարում: Ըստ նրա՝ քաղաքը շատ է զարգացել վերջին քսան տարվա ընթացքում: «Մենք օգտագործել ենք այն բոլոր ռեսուրսները, որոնք ունի Մոսկվան: Կրածում եմ, որ այն նախագծերը, որոնք իրականացվել են մեր քաղաքում, խոսում են այդ զարգացման մասին: Զարգանում են ինֆրակառուցվածքներն ու բիզնեսը»,-հավաստիացրեց նա:
Տոնական օրը եզրափակվեց «Դոմ Մոսկվի» կենտրոնում կազմակերպված «Ռուսական երգի բոլոր երանգները» խորագրով համերգային ծրագրով, որին ելույթ ունեցան «Մոսկվա» ֆոլկլորային կենտրոնի արտիստները: