Հյուսիսային Կորեան պաշտոնապես իրեն հռչակել է միջուկային պետություն
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) օրենսդրական մակարդակով իրեն միջուկային պետություն է հռչակել՝ հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Կենտրոնական հեռագրային գործակալությանը:
Հյուսիսային Կորեայի 14-րդ Գերագույն Ժողովրդական Համագումարը սեպտեմբերի 7-ի նստաշրջանում պաշտոնապես ընդունել է «Միջուկային զենքի քաղաքականությունը» վերնագրով հրամանագիրը։ Փաստաթղթի համաձայն՝ երկիրը միջուկային հարվածով կպատասխանի իր վրա նմանատիպ զենքերով կամ զանգվածային ոչնչացման այլ զենքերով հարձակման, ինչպես նաև նման հարձակման անմիջական սպառնալիքի դեպքում։
Միջուկային հարվածի մասին միանձնյա որոշում է կայացնում երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։ Եթե նրա գլխավորությամբ հրամանատարությունը ենթարկվի հարձակման, ապա այդ դեպքում էլ կհետևի պատասխան միջուկային հարվածը։