Փողերի ներհոսքը ՌԴ-ից պակասել է, ԱՄՆ-ից՝ ավելացել. ինչու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 135 միլիոն 396 հազար դոլար: Նկատենք, որ, նախորդ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 231 մլն 153 հազար դոլարով:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին տրանսֆերտները, հունիս, մայիս եւ ապրիլ ամիսների համեմատ, շարունակել են նվազել: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, հուլիս ամսին կազմել է 415 մլն 842 հազար դոլար։ Այս ցուցանիշը, հունիս ամսվա համեմատ, նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք Հայաստանից են գումար ուղարկում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատներին: Փաստորեն, հուլիսին 4 մլն 703 հազար դոլարի չափով նվազել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների ներհոսքն է ավելացել. եթե հունիսին այն կազմել է 35 մլն 353 հազար դոլար, ապա հուլիսին դարձել է 38 մլն 880 հազար դոլար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում