«Աստված, պահպանիր թագավորին». հոծ բազմությունը Բուքինգհեմյան պալատի մոտ դիմավորել է նոր միապետին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդին Բուքինգհեմյան պալատի մոտ դիմավորել է բազմահազարանոց ամբոխը՝ «Աստված, պահպանիր թագավորին» բացականչություններով:
Ինչպես գրում է Daily Mail-ը սա նրա առաջին հրապարակային երևան գալն էր մոր՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո:
Պարբերականը նկատում է, որ ամբոխն ուրախացել է՝ տեսնելով վինտաժային Rolls-Royce-ով ժամանող միապետին և կոնսորտ թագուհուն՝ Կամիլային: Չարլզ Երրորդը դուրս է եկել մեքենայից ու սեղմել իրեն ողջունողների ձեռքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 10-ին Չարլզ Երրորդը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի նոր թագավոր: Չնայած այն բանին, որ պաշտոնապես նա դեռ չի հռչակվել Մեծ Բրիտանիայի թագավոր, իսկ թագադրումը տեղի կունենա միայն ամիսներ անց, միևնույն է Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջը դարձել է Մեծ Բրիտանիայի թագավոր մոր մահից անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, 96 տարեկանում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում: