Եղիսաբեթ 2–րդի և արքայական ընտանիքի ամենատարածված լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է․ Հայկ Դեմոյան
Պատմաբան Հայկ Դեմոյանն անդրադարձել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու լուսանկարների պատմությանը։
«Եղիսաբեթ 2–րդի լուսանկարները արտատպվել են տարբեր երկրների թղթադրամների, մետաղադրամների, դրոշմանիշերի ու տարբեր կրիչների վրա։ Քչերին է հայտնի, որ թագուհու և արքայական ընտանիքի ամենահաջող ու ամենատարածված լուսանկարների հեղինակը մեր հայրենակից աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է։ Առաջին անգամ թագուհուն նա լուսանկարել է 1943 թվականին, իսկ այնուհետև չորս անգամ՝ 1951, 1966, 1984 և 1987 թվականներին տարբեր լուսանկարչական շարքեր է ստեղծել թագուհու ու արքայական ընտանիքի անդամների համար։ Այս մեկը տակավին արքայադուստր Եղիսաբեթի լուսանկարն է, արված 1951 թվականին։ Հեղինակը Յուսուֆ Քարշն է»,–գրել է պատմաբանը։
Նշենք, որ Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 23–ին։ Կանադահայ հայտնի լուսանկարիչ է, նա լուսանկարել է Խրուշչովին, Բեռնարդ Շոուին, Ալբերտ Էյնշտեյնին, Հեմինգուեյին և այլոց։։ Հատկապես հայտնի է նրա՝ Չերչիլին պատկերող լուսանկարը։ Յուսուֆ Քարշը մահացել է 2002–ին՝ ԱՄՆ–ում։