Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել են Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։
Հանդիպման սկզբում ներկաները քննարկել են տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջերս ԱԶԲ-ն գործարկել է իր Գիտելիքի և նորարարության կենտրոնը, որը նույնպես համագործակցության հարթակ կարող է դառնալ։
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական նոր ռազմավարությունը հիմնված է գիտելիքի վրա, իսկ ԱԶԲ-ի կողմից գիտելիքն ու նորարարությունն արդեն ներդրված են իրենց ծրագրերում։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի այն կարիքները, որոնց աջակցություն է անհրաժեշտ։
ԱԶԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև կայուն զարգացման ծրագրերով, մասնավորապես արևային կայանների և այլ նորարարական նախագծերով։
Զրույցի ընթացքում նախարարը հավելել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր։