Սուրեն Պապիկյանը հանդիպել է Քոլին Քահլի հետ. քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։
Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։