ՔՊ դեսանտը Սիսիանում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն, պարզվում է, հավատում է սիմվոլներին՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը սկսել է սեպտեմբերի 7-ին, երեկոյան ժամը 7-ին, քվեաթերթիկում էլ 7-րդ համարն է։ Հույս ունեն, որ յոթերի համընկնումով քարոզարշավն իրենց համար հաջող է լինելու։
Առաջին հավաքն անցկացվել է Սիսիանի մշակույթի տան դահլիճում, որտեղ բավականին շատ մարդ է եղել, թեեւ մեծ մասը՝ պարտադրված։ Սիսիանի ԲԿ աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ ԲԿ տնօրեն, ՔՊ ցուցակի երրորդ համար Անիկ Գրիգորյանը սպառնացել է՝ ով չգա, կազատվի աշխատանքից, եւ հավաքի վայրում ներկա-բացակա է արել աշխատողներին։ Ներկա են եղել նաեւ մանկապարտեզի աշխատակիցները՝ ընտանիքներով, որոնց եւս համայնքապետարանից հրահանգել են գալ։
Հիշեցնենք, որ Սիսիանում ՔՊ թեկնածուն Սիսիանի համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականը։ ՔՊ-ն այս օրերին Երեւանից դեսանտ է իջեցրել Սիսիան՝ ի դեմս պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի ու Սիսակ Գաբրիելյանի, ովքեր բուռն հակաքարոզչություն են իրականացնում ուժեղ մրցակիցների դեմ, մասնավորապես՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու, գործարար Արա Զաքարյանի, ում շանսերն այս պահին Սյունիքում բարձր են գնահատում։ Ալեքսանյանն ասել է․ ««Ապրելու երկիր» կուսակցությունը ճիշտ կաներ՝ նախընտրական պաստառին Պանամայի քարտեզը նկարեր ու գրավադրված մեքենա»։
Թերեւս ակնարկել է ԱԵ կուսակցության հիմնադիր Ռուբեն Վարդանյանին վերագրվող «Պանամայի գործը» եւ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին պատկանող վարկային կազմակերպության գործունեությունը։ Հեգնել է նաեւ ՀՅԴ թեկնածու՝ ազատամարտիկ-գեղանկարիչ Աշոտ Ավագյանին, ասել է․ «Մեկ միլիոնանոց Երեւանում իրենց չի հաջողվում այնքան մարդ հավաքել իրենց հանրահավաքներին, որքան այսօր Սիսիանում է հավաքվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում