Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորը Ալիկ Գյունաշյանի դուստրն է
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախել են BMW, Mitsubishi Pajero iO և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Տարոն Ներսիսյանը, Դավիթ Առաքելյանը, Նարեկ Հարությունյանն ու Գևորգ Սարգսյանը։
Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Mitsubishi-ի հետեևի անվահեծանը կոտրվել է։ Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պեռ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սիրված ու ճանաչված երգիչ Ալիկ Գյունաշյանի հարազատ աղջիկն է՝ Նոնա Գյունաշյանը։