Թող ոչ ոք հույս չունենա, որ կարող է մի բաժակ ջրում փոթորիկ կազմակերպելով շեղել մեզ․ Սաղաթելյան
Սեպտեմբերի 14-ին մեկնելու եմ Լիբանան. Բեյրութում այդ օրը տեղի է ունենալու Դիմադրության շարժման զորակցության հավաք. Հանդես եմ գալու ելույթով, ներկայացնելու ներկայիս իրավիճակի բոլոր նրբությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև հավելել է. «Հատկապես վերջին օրերի զարգացումների լույսի ներքո, սա ավելի քան կարևոր միջոցառում եմ համարում։ Դիմադրության շարժումը ֆեյսբուքյան շարժում չէ։ Ոչ էլ դահլիճային կամ ինչ-ինչ էլիտար շրջանակների շարժում։ Այն համահայկական է և մեր խնդիրն է խոսել յուրաքանչյուր սրտացավ մարդու, խմբի ու համայնքի հետ։ Մեր խնդիրն է նաև ուշադիր լսել այդ մարդկանց, քննարկել նրանց հետ զարգացման ամեն հնարավոր ծրագիր և կյանքի կոչել լավագույն առաջարկները։
Թող ոչ ոք հույս չունենա, որ կարող է մի բաժակ ջրում փոթորիկ կազմակերպելով, շեղել մեզ, մեր ժողովրդին իր ընթացքից։ Այսօր ամբողջ հայության հետ խոսելու ժամանակն է։ Ամբողջ հայության հետ միասին լուծումներ գտնելու ժամանակն է։ Եվ մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով՝ աշխատել յուրաքանչյուր սրտացավ հայի հետ և ունենալ սպասված արդյունքներ»: