Թե ինչ է եղել Բրյուսելում՝ փակ դռների հետևում և ինչ նոր պահանջներ են իջեցվել ՀՀ իշխանություններին, դեռ դժվար է ասել․ Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Որքան էլ իշխանության տարբեր առանցքային դեմքեր, իրար հերթ չտալով, խոսում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա ունենալու, ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինության, ադրբեջանցիների հետ բարեկամություն անելու անխուսափելիության մասին, ակնհայտ է, որ նույնիսկ դա բավարար չէ Ադրբեջանին։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նոր տեղեկատվական գրոհ է սկսել՝ անընդհատ պաշտոնական տեղեկություններ տարածելով առաջնագծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը պարտաճանաչ ձևով հերքվում է ՀՀ ՊՆ-ի կողմից։
Այս ընթացքում, մի քանի օր առաջ, Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայկական կողմը նույնիսկ զոհ ունեցավ (պատասխան գործողությունների մասին որևէ տեղեկություն չկա)։
Դեռ դժվար է ասել, թե որոնք են այս փուլում ադրբեջանական ակտիվության հիմնական դրդապատճառները, սակայն դրանք կարող են կապված լինել բանակցությունների ներկայիս տեմպերի կամ դրանում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ։
Թե ինչ է եղել Բրյուսելում՝ փակ դռների հետևում և ինչ նոր պահանջներ են իջեցվել ՀՀ իշխանություններին, դեռ դժվար է ասել, սակայն այն, որ Ադրբեջանը շտապողականություն է դրսևորում, շատ հստակ է»։