Տնտեսվարողները պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները. Երևանի քաղաքապետարան
Այս օրերին տնտեսվարողները ծանուցվում են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Դեռևս 2009 թ. ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ խանութների, սրճարանների սեփականատերերը կամ տարածքի վարձակալները պարտավոր են ամեն օր աղբից մաքրել մայթերն ու հարակից տարածքները, բարեկարգել, սիզամարգերը կանաչապատել, իսկ ձմռանն էլ՝ ձնամաքրումն անել:
«Նախկինում 14000 տնտեսվարողից շուրջ 8000-ին բաժանվել են ծանուցումներ: Տնտեսվարողներին փորձում ենք հիշեցնել իրենց պարտականությունները: Այս փուլում թեթևացրել ենք պարտականությունները. Յուրաքանչյուրն ընդամենը պետք է դրսևորի հանրային պատասխանատվություն և այն տարածքում, որտեղ գործունեություն է իրականացնում, ապահովի մաքրություն: Այս փուլն ավարտելուց հետո կսկսենք վերահսկողության գործընթացը»,- ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:
Կախված գործունեության տեսակից՝ ավագանու որոշմամբ մանրամասնորեն նկարագրված են մաքրման և բարեկարգման ենթակա տարածքների սահմանները:
Կրպակների, մանրածախ առևտրի կետերի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը, շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար, դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասը: Ավելի մեծ տարածք զբաղեցնող տնտեսվարողների համար՝ անգամ մինչև 100 մետր կարող է սահմանվել:
Այն գործարարները, որոնք կանտեսեն և չեն պահպանի կանոնները՝ կտուգանվեն:
«Մինչև տուգանքը կլինի ևս մեկ նախազգուշացում: Եթե դա ևս անտեսվի կամ չկատարվի, քաղաքային իշխանությունը կկիրառի նորմերը: Ամեն մեկս, փոքր-ինչ ավելի ջանք դնելով, կստեղծենք ավելի հաճելի միջավայր»,- ասում է Արամ Դանիելյանը:
Պարտադիր բարեկարգման նորմերը վերաբերում են ոչ միայն տնտեսվարողներին, այլև պետական և համայնքային հիմնարկներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային կենտրոններին: Որոշումը ներառում է նաև ավտոտնակները: