«Տուգանվել ենք թերլիցքավորման համար». նախագիծ՝ գազալցակայաններում և բենզալցակայանններում պատասխանատվության մեխանիզմների մասին
«Տուգանվել ենք թերլիցքավորման համար». նախագիծ՝ գազալցակայաններում և բենզալցակայանններում պատասխանատվության մեխանիզմների մասին
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերին: Խոսքը վերաբերում է գազալցակայաններում և բենզալցակայաններում ստուգումներին և պատասխանատվության մեխանիզմների փոփոխությանը:
«Այս պահին թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: Ըստ նախագծի՝ առաջարկվում է տուգանքները սահմանել ֆիքսված 200 հազար դրամ, գումարած տուգանքը հայտնաբերելուն նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը»,- ասաց օրենքի համահեղինակ Ծովինար Վարդանյանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենսգրքի առկա հոդվածները պատշաճ կերպով չեն կարգավորում հեղուկ գազի, բնական գազի, բենզինի ու դիզվառելիքի սպառողների և վերը նշված վառելիքի տեսակները մատակարարողների միջև իրավահարաբերությունները: Մասնավորապես՝ ստուգաչափված չափման միջոցներով չապահովելու և (կամ) չափագիտական կանոնները, նորմերը խախտելու դեպքում վարչական տույժի նշանակման չափն ու վերջինիս նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նախատեսված արարքը կրկնելու դեպքում կրկնակի տույժի չափը, ըստ էության, իրենցից ենթադրում են անհամաչափ կարգավորումներ՝ հաշվի առնելով տնտեսվարողների շրջանառության ծավալների տարբերություններն ու սպառողներին դրանցից բխող պատճառված վնասի չափը:
Ի լրումն՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասում առկա կարգավորման մեխանիզմների համաձայն՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը չի կատարվում անհրաժեշտ մակարդակով, քանի որ սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի և դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս չունեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ և լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն: Այսպիսով, տվյալ ոլորտում պատշաճ հանրային վերահսկողություն իրականացնելու առումով օրենքի առկա կարգավորումներն ամբողջական չեն:
Անհրաժեշտություն է առաջացել անցնել տուգանքի սահմանման առավել արդարացի բաշխման համակարգի, համաձայն որի՝ առաջարկվում է տուգանքը սահմանել կազմակերպության այն հասցեի/հասցեների վրա, որոնք կատարել են տվյալ խախտումը: Իսկ խախտման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5%-ի չափով: Անհրաժեշտ է նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարել լրացումներ, ըստ որի՝ լցակայանների կողմից թերլցման դեպք հայտնաբերելու դեպքում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ:
Բացի այդ, օրենքի նախագծով տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR կոդեր:
«Մի շատ կարևոր հանգամանք՝ լրացուցիչ պատժամիջոցը, որ հիմա կիրառում ենք, ցուցանակը փակցնելը, իմ կարծիքով, ավելի զգաստացնող ու ավելի խիստ պատիժ է, քան տուգանքի չափը: Տնտեսվարողներին սա ավելի շատ է մոտիվացնելու, որ խախտումներ չանեն: Սա հանրային վերահսկողության գործիք է: Կարծում եմ, որ ընկերությունների համար իրենց հեղինակությունը շատ ավելի թանկ է, քան տուգանքը, որ մուծելու են»,- ասաց օրենքի համահեղինակ Բաբկեն Թունյանը: