Համազգային երազանք. ազատագրել դաշտային ու լեռնային Արցախն ու ամբողջ հայկական լեռաշխարհը․ Ղազինյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․
«1994թ-ից ադրբեջանն ամրագրեց համազգային երազանք. «վերադարձնել Ղարաբաղը»:
Այդ երազանքի շուրջ կոնսոլիդացվեց ամբողջ հասարակությունը, տնտեսությունը, ենաթակառուցվածքները, արտաքին կապերն ու միջազգային կառույցները:
Ի դեմս Հայաստանի, ամրագրվեց արտաքին թշնամու կերպար, որի դեմ ատելությամբ լցրեցին շարքային ադրբեջանցիների հոգիները:
26 տարի հավատացին իրենց երազանքին, ատամները սեղմած աշխատեցին, կառուցեցին ու ուժեղացան:
Ու հասան իրենց նպատակին. զենքով գրավեցին Արցախի 2/3-ը, իսկ մնացած 1/3-ի և Հայաստանի այլ շրջանների գրավումը շարունակում է մնալ նրանց համազգային երազանքը:
Քոչվոր ցեղերից աչքներիս առջև կերտվում է քաղաքական ազգ, իսկ հինավուրց քաղաքակրթության օջախ համարվող Հայաստանը վերածեցին իրար միս ուտող, իրար չուզող, մատնող, ատող ու մերժող բնակչության:
Մեզանից գողացան մեր ազգային երազանքը, նպատակները:
Մեզ շատ արագ պետք է սթափվել, լրջանալ, կենտրոնացնել ամբողջ ներուժը ավիրված պետականության փլատակների վրա նոր որակի և ուժեղ պետականություն կառուցելու համար:
Ու նաև համազգային երազանք. ազատագրել դաշտային ու լեռնային Արցախն ու ամբողջ հայկական լեռաշխարհը, ստեղծել մեծ ու հզոր հայկական պետություն:
Աշխարհի բոլոր հայերը պետք է հավատան այս երազանքի իրագործմանը, համախմբվեն, կենտրոնացնեն իրենց ներուժը, կապերը, կապիտալը, միտքը, գիտելիքը:
Առաջին հայացքից սա կարող է թվալ ցնորք և զավեշտ, բայց անկարելի ոչինչ չկա. պետք է ուժեղանալ և սպասել հարմար առիթի:
Ես վստահ եմ, որ այդ առիթը լինելու է . . .
Հ.Գ. Իսկ նոր և ուժեղ Հայկական պետությունը պետք է դառնա այս երազանքի իրագործման բացառիկ օպերատորը . . .»։