Սառը զենքով հարձակումներ Բեռլինում և Լաս Վեգասում
Բեռլինի ոստիկանները կրակել և սպանել են աղջկա վրա կացնով հարձակված տղամարդուն:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի Բեռլինի Լիխտենբերգ թաղամասում։ 23-ամյա երիտասարդը կացնով հարձակվել է 27-ամյա աղջկա վրա, վերջինը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի վայր ժամանած ոստիկանների կիրառած զենքից հանցագործը մահացու վիրավորվել է:
Միջադեպի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Բեռլինի դատախազությունը նախաքննություն է սկսել։
ԱՄՆ ոստիկաններն էլ Լաս Վեգասի իր տան մոտ դանակահարված են գտել հետաքննող լրագրող Ջեֆ Հերմանին: Նախնական տվյալներով՝ լրագրողը մահացու վիրավորվել է տնից դուրս տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ջեֆ Հերմանը հայտնի էր կառավարական հանցագործությունների և քաղաքական սկանդալների հետաքննությամբ, ինչպես նաև լուսաբանում էր 2017 թվականին երաժշտական փառատոնում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը, որի հետևանքով զոհվեց 60 մարդ, վիրավորվեցին ավելի քան 400-ը: