Մակրոնը առաջիկա շաբաթներին եւ ամիսներին էներգիայի սպառումը 10 տոկոսով կտրուկ կրճատելու կոչ է արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկա շաբաթներին եւ ամիսներին երկրում էներգիայի սպառումը 10 տոկոսով կտրուկ կրճատելու կոչ է արել, որպեսզի խուսափեն այս ձմռանը նորմավորումների եւ կրճատումների ռիսկից։
Մակրոնը նախազգուշացրել է, որ առաջիկա ամիսներին, հնարավոր է, որ ստիպված լինեն դիտարկել հարկադիր էներգամատակարարման հարցը, եթե կամավոր ջանքերն անբավարար լինեն: Նրա խոսքով՝ էներգիայի նորմավորման պլանները պատրաստվում են «ամեն դեպքում», եւ «կրճատումները կիրականացվեն ծայրահեղ դեպքում»:
«Լավագույն էներգիան այն է, որը մենք չենք սպառում»,- ասել է ֆրանսիացի առաջնորդը մամուլի ասուլիսի ժամանակ՝ կոչ անելով ֆրանսիական ձեռնարկություններին եւ տնային տնտեսություններին խնայել էներգիան, այդ թվում՝ ջեռուցումն ու օդորակումը անջատելու միջոցով։
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ցանկանում է զարգացնել բոլոր էներգետիկ կապերը, որոնք «իմաստ» ունեն, սակայն ինքը չի տեսնում Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջեւ գազատարի լրացուցիչ հզորություն կառուցելու անհրաժեշտություն:
Մակրոնը խոստովանել է, որ Ֆրանսիային «էլեկտրաէներգիայի հարցում անհրաժեշտ է եվրոպական համերաշխություն», քանի որ երկրի միջուկային ռեակտորների կեսից ավելին փակվել է տեխնիկական պատճառներով։
Մակրոնը հաստատել է, որ կողմ է էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայի բարեփոխմանը, որպեսզի գները սահմանվեն «համաձայնեցված ձեւով» եւ «արտադրության գներին» համապատասխան։
Նա նաեւ ասել է, որ Ֆրանսիան աջակցում է եվրոպական մակարդակով գազի համատեղ գնումների գաղափարին եւ Եվրոպա արտահանվող ռուսական գազի գնային առաստաղի սահմանմանը։