Բրիտանական ոստիկանությունը պատրաստվում է դիմագրավել հանցագործությունների աճը՝ տնտեսական ճգնաժամի ֆոնին. ԶԼՄ
Բրիտանական ոստիկանությունը պատրաստվում է բռնի հանցագործությունների եւ հանրային անկարգությունների ալիքին, քանի որ Միացյալ Թագավորությունը պայքարում է խորացող տնտեսական ճգնաժամի դեմ, գրել է Daily Mail-ը։
Տեղեկացվել է, որ ոստիկանության ղեկավարությունը մշակում է արտակարգ իրավիճակներում գործելու պլաններ, որպեսզի կարողանա հաղթահարել պոտենցիալ հետեւանքները, որոնք կարող են առաջանալ, երբ միլիոնավոր բրիտանացիներ այս ձմռանը բախվեն ֆինանսական դժվարությունների։
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների ղեկավարությունն անհանգստացած է, որ «տնտեսական ցնցումները եւ ֆինանսական անկայունությունը կարող են հանգեցնել հանցագործությունների աճի, ինչպես հայտնի է դարձել ազգային ռազմավարության մասին փաստաթղթից։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ Մեծ Բրիտանիայում կավելանա խանութներից գողությունների, ջարդարարությունների, մեքենաների հափշտակման, ինտերնետ-խարդախությունների, շանտաժի եւ «ֆինանսական խոցելիության վրա հիմնված» այլ հանցագործությունների թիվը։
Այս մտավախությունն առաջ է եկել այն ժամանակ, երբ տնային տնտեսությունների հաշիվների շեմային գինը բարձրացել է 80 տոկոսով՝ հասնելով 3 549 ֆունտ ստեռլինգի՝ հաջորդ ամսից սկսած, գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերի ավելացման պատճառով առաջ բերելով Մեծ Բրիտանիայի մեծահասակ բնակչության մոտ 88 տոկոսի անհանգստությունը։
Իշխանությունները տեղեկացրել են, որ Բրիտանիան կարող է ստիպված լինել Եվրոպա արտահանվող գազ գնել, որպեսզի ձմռանն էլեկտրականության պակաս չունենա։
Սեփական պահեստարաններ չունենալով՝ Բրիտանիան սովորաբար ձմռանը մայրցամաքից գազ է գնում։ Այս տարի դա կհանգեցնի գների բարձրացման եւ շուկայական քաոսի, եթե Ռուսաստանն «ավելի հեռուն գնա», նշել է ԶԼՄ-ն։
Ռազմավարական փաստաթղթում, որը պատրաստվել է ոստիկանության պետերի Ազգային խորհրդի մասնակցությամբ, հավաստիացվել է, որ գոյություն ունեն «ավելի բարդ եւ անկանխատեսելի ռիսկ» եւ «քաղաքացիական անկարգությունների մեծ հավանականություն», քանի որ Մեծ Բրիտանիայի բնակիչները պայքարում են կյանքի աճող արժեքի դեմ։
Փաստաթղթում, որին ծանոթացել է The Sunday Times թերթը, նշվել է, որ պաշտոնյաներն անհանգստացած են այն բանից, որ «երկարատեւ եւ ցավոտ» տնտեսական ճնշումը կհանգեցնի հանցավոր ակտիվության բռնկման։
Ֆինանսական խոցելիության վրա հիմնված հանցագործություններից բացի՝ ոստիկանական ուժերը պատրաստվում են նաեւ այն բանին, որ թմրաբանդաներում ավելի ու ավելի շատ երեխաներ կներգրավվեն։ Շատերն էլ մտահոգ են, որ կանայք կդառնան սեռական շահագործման զոհեր։