Չարության հերթական դրսևորում
Բարերար Ռուբեն Վարդանյանը որոշել է տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել Արցախում, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից։ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ Ռուբեն Վարդանյանի որդին, չլինելով Հայաստանի քաղաքացի, 2015թ․ կամավոր մեկնել է Արցախ ժամկետային զինվորական ծառայության։ Իսկ ինչպե՞ս են մեկնաբանում Ռուբեն Վարդանյանի սույն որոշումը տարատեսակ հայ վերլուծաբան կոչվածները՝ էլ կասկածամտություն, էլ ծաղրանք, էլ հայհոյանք։ Օրինակ, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, Կանադայի քաղաքացիություն ընդունած, տղաներին նույնպես Կանադայի քաղաքացի դարձրած, նաև հայկական բանակում չծառայած, Արա Պապյանը, լրջագույն վերլուծություն է անում որ Ռուբեն Վարդանյանի նպատակն, ինչպես ժամանակին եղել է (պարզ է,նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին), Արցախից հետո Հայաստանի ղեկավար դառնալն է։ Իսկապես «հանճարեղ» կանխատեսում։ Միայն զարմանալ կարելի է, որ փոխանակ ողջունելու, ցանկացած հայ մարդու, լինի նա Հայաստանի,Ռուսաստանի,թե Կանադայի քաղաքացի, արնաքամ եղող Արցախ տեղափոխվելու որոշումը, այսպիսի չար և նախանձ դրսևորումներ է այն ստանում։ Այսպիսի մտածողությունը հավասարապես վտանգավոր է, ինչպես Հայաստանի դավադիր իշխանության վերաբերմունքը Արցախի հանդեպ։ Ամենայն հավանականությամբ նրանք գործում են նույն իշխանության հրահանգով։ Այլ բացատրություն չկա։
Իրավապաշտպան՝ Ավետիք Իշխանյան