Լիզ Թրասն «աղետ» կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում. Նիկոլա Սթերջեն
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենն ասել է, որ Լիզ Թրասը «աղետ» կլինի վարչապետի պաշտոնում, եթե այնպես կառավարի, ինչպես վարում էր իր քարոզարշավը, բայց նա հույս ունի Թրասի հետ «կառուցողական» հարաբերություններ հաստատել, տեղեկացրել է PA Media-ն։
Թրասը վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդն է եւ այդ պաշտոնը կզբաղեցնի արդեն երեքշաբթի, եթե հաղթի կանցլեր Ռիշի Սունակին Պահպանողական կուսակցության առաջնորդը լինելու համար մղվող պայքարում։
«Ակնհայտ է, որ մենք Լիզ Թրասի հետ շատ հարցերում տարբեր քաղաքական հայացքներ ունենք, բայց ես համոզված եմ, որ պետք է շանս տալ յուրաքանչյուրին, ով կգա վարչապետի պաշտոնին, եւ ես, իհարկե, ամեն հնարավոր բան կանեմ, որպեսզի նրա հետ կառուցողական աշխատանքային հարաբերություններ հաստատեմ»,- ասել է Սթերջենը։
«Եթե Թրասը կառավարի այնպես, ինչպես վարում էր իր քարոզարշավն ամռանը, ապա դա աղետ կլինի ոչ միայն Շոտլանդիայի, այլեւ ամբողջ Մեծ Բրիտանիայի համար։ Բայց հուսանք, որ այդպես չէ, որովհետեւ այժմ լուրջ ժամանակներ են Մեծ Բրիտանիայի համար, եւ նրան շատ լուրջ եւ շատ նպատակասլաց ղեկավարություն է պետք»,- ավելացրել է Շոտլանդիայի առաջին նախարարը։
Երբ նրան խնդրել են կարծիք հայտնել Թրասի քարոզարշավի մասին, Սթերջենը նրան մեղադրել է այն բանում, որ վարում է Պահպանողական կուսակցության «ճեղքվածքային առաջնահերթությունների» քարոզարշավ, ինչպիսին է հարկերի իջեցումը։
«Շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք նա երկիրը որպես վարչապետ կկառավարի՝ կողմնորոշվելով երկրի իրական առաջնահերթություններով, թե՞ ոչ. ես կարծում եմ, որ դա շատ ակնհայտ կդառնա, գուցե, նրա վարչապետության առաջին 24-48 ժամերի ընթացքում։ Հուսանք, որ նա պատասխանատու գիծ կընտրի եւ կդադարի խրախուսել Պահպանողական կուսակցության մարգինալներին»,- նշել է շոտլանդացի քաղաքական գործիչը։
Սթերջենը նաեւ անհանգստություն է հայտնել այն առիթով, որ Մեծ Բրիտանիայի բյուջեում մտցված փոփոխությունները կարող են ազդել Շոտլանդիայում ծախսերի վրա։
«Այժմ մենք աշխատում ենք բյուջեների շրջանակում, որոնք փաստորեն ամրագրված են եւ սահմանափակ, դրանք չեն ավելանում գնաճին համապատասխան, բայց գնաճային ճնշումն անդրադառնում է մեր բյուջեի, ինչպես նաեւ ամբողջ երկրի ընտանիքների բյուջեների վրա»,- ասել է Շոտլանդիայի առաջին նախարարը։