Թրամփը մեջբերել է Լենին. «Ստացվում է, որ նա ճիշտ է»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում իր կողմնակիցների հետ ունեցած հանրահավաքում ելույթի ժամանակ մեջբերել է Վլադիմիր Լենինի խոսքերը և համաձայնվել նրա հետ։
Խոսելով ԱՄՆ ընտրությունների մասին՝ Թրամփը լսարանին հիշեցրել է Լենինի այն արտահայտությունը, որ ձայները հաշվողը թեկնածուից շատ ավելի կարևոր է. «Ստացվում է, որ նա ճիշտ է», – Թրամփին մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ Նա վստահ է, որ 2020 թվականի ընտրություններն անարդար են եղել, և կեղծիքները, որոնք, իր կարծիքով, տեղի են ունեցել արդյունքների ամփոփման ժամանակ, զրկել են իրեն երկրորդ նախագահական ժամկետից։
Ենթադրվում է, որ Թրամփը նկատի է ունեցել Լենինի հետևյալ խոսքերը. «Բացարձակապես կարևոր չէ, թե կուսակցությունում ով և ինչպես է քվեարկելու, բայց չափազանց կարևորն այն է, թե ով և ինչպես է հաշվելու ձայները»։ Հաճախ այս խոսքերը վերագրվում է խորհրդային մեկ այլ առաջնորդ Իոսիֆ Ստալինին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շատ առումներով դարձել է երրորդ աշխարհի երկիր։ «Մենք մի երկիր ենք, որի տնտեսությունը թուլանում է, որի մատակարարման շղթաները խաթարված են, որտեղ խանութները լիքը չեն», – ասել է նախկին նախագահը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ին աշխարհում այլևս չեն հարգում և չեն լսում։