Ռուսական նավթի գների շեմ մտցնելու գործընթացը բավական դժվար է լինելու. Ֆրանսիայի ֆինանսների նախարար
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը շաբաթ հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրների՝ ռուսական նավթի գների շեմ մտցնելու ջանքերի հաջողության համար կպահանջվեն պարտավորություններ ամբողջ միջազգային հանրության կողմից։
«Մեծ յոթնյակի» տնտեսական տերություններն ուրբաթ հայտարարել են, որ համաձայնեցրել են ռուսական նավթի գների շեմ մտցնելու պլանը։
Լը Մերը CNBC-ի հարցազրույցում ասել է, որ այդ քաղաքականությունը պետք է իրականացվի որպես «պատերազմի դեմ գլոբալ միջոց»։
«Մեծ յոթնյակը», որի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Ճապոնիան, դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչպես է իրականացվելու գների սահմանափակումը, եւ այդ գործընթացը, խոստովանել է լը Մերը, «բավական դժվար է լինելու»։
Բայց սպասվում է, որ այն պատրաստ կլինի մինչեւ դեկտեմբերի սկիզբ, երբ ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պատժամիջոցները ռուսական նավթի ծովային ներմուծման նկատմամբ։
«Մենք գիտենք, որ մեզ հարկավոր է բոլոր 27 անդամ երկրների միասնությունը, եթե ցանկանում ենք կանաչ լույս ստանալ այդ սահմանափակումը մտցնելու համար»,- ասել է նա՝ նկատի ունենալով ԵՄ այն երկրներին, որոնք չեն մտնում G7-ի կազմի մեջ։