Գիտնականները պարզել են, որ լրագրողները փչացրել են սարդերի իմիջը
Արախնոլոգների միջազգային խումբն ուսումնասիրել է 2010-2020 թվականներին 80 երկրներում սարդերի խայթոցների մասին հրապարակված ավելի քան հինգ հազար հոդվածներ` 40 լեզուներով և եկել այն եզրակացության, որ դրանք լի են կեղծիքներով ու չափազանցություններով: Դա փչացնում է սարդերի իմիջը. ի վերջո, 50 հազար տեսակներից միայն մի քանիսն են իսկապես վտանգավոր, գրում են New York Times-ը և Science Daily-ն:
Հրապարակումների գրեթե կեսը փաստացի սխալներ է պարունակում։ Որոշ հրապարակումներում հարձակման մեջ մեղադրել են սարդերին, որոնք նույնիսկ չեն ապրում տվյալ տարածաշրջանում։ Մյուսներում խոսվել են ախտանիշների մասին, որոնք չեն առաջանում հոդվածոտանիների խայթոցից հետո: Լրագրողները սարդերին նաև միջատներ են անվանել. դա ճիշտ չէ։
Պատմությունների 40%-ից ավելին ուռճացվել է հանուն սենսացիայի։ Դրանք հաճախ օգտագործել են արտահայտիչ բառեր, ինչպիսիք են «գարշելի», «մարդասպան», «տառապանք» և «մղձավանջ»:
Շատ ավելի քիչ ապատեղեկատվություն կար համապատասխան փորձագետի մեկնաբանություններում՝ ոչ թե բժշկի, այլ արախնոլոգի։
Տարբեր երկրներում սարդերի մասին լուրերը յուրովի են ներկայացվում։ Օրինակ՝ Մեքսիկայում գրեթե բոլորը սենսացիոն են, մինչդեռ Ֆինլանդիայում գրում են հավասարակշռված ու օբյեկտիվ։ Նաև ճշգրիտ ու առանց զգացմունքների են հրապարակումներն ավստրալական թերթերում, թեև այս երկրում ավելի վտանգավոր սարդեր կան, քան որևէ այլ տեղ։
Բրիտանական լրատվամիջոցները դարձել են ապատեղեկատվության առաջատարներ՝ չնայած այն հանգամանքին, որ կղզում թունավոր հոդվածոտանիներ գրեթե չկան։
Սարդերի մասին ֆեյքերը շատ դժվարություններ են առաջացրել։ Օրինակ՝ սև այրիների ներխուժման մասին կեղծ և խուճապային գրառումների պատճառով դպրոցներ են փակվել։ Նաև բրիտանացին այրել է իր տունը՝ փորձելով ոչնչացնել բակի անվնաս սարդոստայնը։
Գիտնականները կարծում են, որ սարդերի կերպարի բարելավումը կարող է պահպանել նրանց բազմազանությունը և նվազեցնել հասարակության մեջ արախնոֆոբիայի մակարդակը: