Անտառային հրդեհը Կալիֆոռնիայում ոչնչացրել է մոտ 100 տուն
Մոտ 100 տուն եւ այլ շինություններ են ոչնչացել Հյուսիսային Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետեւանքով, հազարավոր մարդիկ տարհանվել են, տեղեկացրել է PA Media-ն։
Հրշեջ ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ եղանակային պայմանների բարելավումն օգնել է դանդաղեցնել հրդեհի տարածումը, որն ստացել է Mill Fire անվանումը, այն բռնկվել է Սան Ֆրանցիսկոյից հյուսիս 250 մղոն հեռավորությամբ։
Հրդեհն սկսվել է ուրբաթ ցերեկը, Ուիդ քաղաքից ոչ հեռու։
Առնվազն երկու մարդ այրվածքներ է ստացել տարերային աղետի պատճառով։
Սա երեք խոշոր հրդեհներից մեկն է, որոնք վերջին օրերին հանգեցրել են զանգվածային տարհանումների, քանի որ Կալիֆոռնիան ենթարկվել է շոգի ալիքին։ Սպասվում է, որ շոգը տեւելու է մինչեւ երկուշաբթի։
Կալիֆոռնիայում երաշտ է, սա ամենածանր հրդեհավտանգ սեզոնն է։
Գիշերը եղանակային պայմանները լավացել են, եւ հրշեջներին հաջողվել է հասնել հրդեհի 20 տոկոս տեղայնացման, բայց մեկ այլ հրդեհ՝ Mountain Fire-ը, որը սկսվել է ուրբաթ օրը Ուիդից հյուսիս-արեւմուտք, զգալիորեն ծավալվել է։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Երկու հրդեհների պատճառները քննվում են։
Սիսքիու օկրուգի հրշեջ ծառայության գնահատականներով՝ Mill Fire հրդեհի պատճառով այրվել են մոտ 100 տուն եւ այլ շինություններ։
Նահանգապտ Գեւին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել Սիսքիու օկրուգում եւ տեղեկացրել, որ ստացել է դաշնային գրանտ, «որպեսզի օգնի հրդեհը մարելու համար կենսականորեն կարեւոր ռեսուրսների առկայության ապահովմանը»։
Գիտնականները հավաստիացրել են, որ կլիմայի փոփոխության պատճառով վերջին երեք տասնամյակում ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի տաք ու չոր է դարձել։ Հետագայում եղանակն ավելի ծայրահեղ կդառնա, իսկ անտառային հրդեհները կլինեն ավելի հաճախակի եւ կործանարար։
Վերջին հինգ տարիներին Կալիֆոռնիայում տեղի են ունեցել նահանգի պատմության մեջ ամենախոշոր եւ կործանարար հրդեհները։ 2014-ից ի վեր Ուիդում տեղի է ունեցել երեք խոշոր հրդեհ։