ՆԱՍԱ-ի հետազոտողները ներկայացրել են Յուպիտերի իրական գույնը
ՆԱՍԱ-ի հետազոտողները պատմել են, թե ինչպես են իրենք խմբագրում տիեզերքի լուսանկարները հրապարակելուց առաջ: Դա արվում է աղմուկը նվազագույնի հասցնելու եւ առարկաների մանրամասներն ընդգծելու համար, գրում է Hi-Tech-ը։
Ամենից հաճախ գիտնականները խմբագրում են տիեզերական պատկերների լուսանկարները, որպեսզի ընդգծեն առարկայի առանձնահատկությունները կամ փոխանցեն այնպիսի գույն, որը տարբերակելի չէ մեր աչքի համար:
Նկարի ձախ կողմում, որը ստացվել է ՆԱՍԱ-ի «Յունոնա» սարքի միջոցով, այն է, թե ինչպիսի տեսք ունի Յուպիտերն իրականում։ Աջ կողմում գունային հագեցվածությունն ու կոնտրաստը ավելացել են՝ Յուպիտերի մանր հատկանիշներն ընդգծելու համար: Այն նաեւ կարեւոր է աղմուկը նվազեցնելու եւ լուսանկարում այլ արտեֆակտներ թաքցնելու համար:
«Սա հստակ ցույց է տալիս Յուպիտերի մթնոլորտի ամենահետաքրքիր ասպեկտները,- ասել է ՆԱՍԱ-ն,- Այդ թվում՝ գունային տատանումները՝ կապված քիմիական կազմի տարբերությունների, Յուպիտերի հորձանուտների եռաչափ բնույթի եւ փոքր, պայծառ ամպերի հետ, որոնք առաջանում են մթնոլորտի բարձր մասերում»։
Այս լուսանկարն արվել է Յուպիտերից 5300 կմ բարձրությունից։ Այդ պահին տիեզերանավը շարժվել է մոտ 209 000 կմ/ժ արագությամբ։