Պեկինը լիովին վստահ է ռուս-չինական հարաբերությունների ապագայի հարցում
Պեկինը լիովին վստահ է ռուս-չինական հարաբերությունների ապագայի հարցում, որոնք կշարունակեն զարգանալ բարձր մակարդակով` ապահովելով երկու պետությունների հիմնական շահերը պաշտպանելու ամուր երաշխիք։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ի-ն՝ Չինաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Դենիսովի հետ հանդիպման ժամանակ:
Չինաստանում ՌԴ դեսպանատանը նշել են, որ հանդիպումն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում։
«Միջազգային հարաբերությունների խորը վերակառուցման և էվոլյուցիայի պայմաններում Չինաստանն ու Ռուսաստանը ավելի ուժեղ են զգացել երկու երկրների բարիդրացիության կարևոր ձեռքբերումները: Մենք լիակատար վստահություն ունենք չին-ռուսական հարաբերությունների ապագայի նկատմամբ»,- ասել է Վան Ին՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները դիմակայել են միջազգային բարդ իրավիճակի փորձությանը և միշտ պահպանել են իրենց կենսունակությունը։
Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները, անկասկած, կշարունակեն զարգանալ բարձր մակարդակով:
Վան Ին բարձր է գնահատել Դենիսովի աշխատանքը՝ որպես Չինաստանում Ռուսաստանի դեսպան՝ նրան անվանելով «չինական ժողովրդի իսկական բարեկամ»։
Ռուսաստանի դեսպանն իր հերթին ասել է, որ աշխատելով Չինաստանում շուրջ 20 տարի, ինքը ականատես է եղել երկրի մեծ ձեռքբերումներին տարբեր առումներով և կարծում է, որ Չինաստանն ապագայում էլ ավելի նշանակալի հաջողությունների կհասնի։