Հրաչյա Սարգսյանը Գյումրիում մասնակցել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» համերգին
Հայաստանի մշակութային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Գյումրիում կայացել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» մեծ համերգը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանր լրատվության վարչությունից, աննախադեպ համերգային ծրագիրը Վարդանանց հրապարակում մեկտեղել էր հազարավոր գյումրեցիների ու քաղաքի հյուրերի: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, նախարարներ, երկու քաղաքների ավագանու անդամներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ:
Քաղաքի ու երևանյան օրերին ուղղված ողջույնի իրենց ելույթներում պետական գործիչները հաշվետվության տեսքով ներկայացրել են համայնքում նախաձեռնված զարգացման ծրագրերը, նախանշել առաջիկա անելիքները:
Շնորհավորելով Գյումրու օրվա առթիվ` Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնավորապես նշել Է, որ յուրաքանչյուր հայ իր սրտում յուրահատուկ տեղ ունի Գյումրիի համար: «Գյումրին քաղաքային միջավայրի և համակեցության մեր մշակույթը ձևավորած և պահպանած քաղաքներից է. այստեղ, այս փողոցներով են քայլել մեր մեծանուն գրողներն ու երաժիշտները, գիտնականները, գյումրվա անգերազանցելի վարպետները, այս շենք-կոթողներում է զարգացել հայկական մշակույթն ու արվեստը, այստեղ են իրենց առաջին հաղթանակները կռել գյումրեցի դյուցազունները: Որպես քաղաքամայր Երևան համայնքի ղեկավար, որպես հայ, ինձ ոգևորում է գյումրեցու աշխատասիրությունը, սեփական ուժերի նկատմամբ հավատն ու արհավիրքներին դիմակայելու տոկունությունը, այն վերահաստատում է իմ անձնական հավատամքը. այո՛, մենք պետք է չընկրկենք ոչնչի առջև, կրկնակի եռանդով աշխատենք, մենք պետք է օրնիբուն զարգացնենք և շենացնենք մեր հայրենիքը՝ տուն առ տուն, փողոց առ փողոց, համայնք առ համայնք... Ինձ ուրախացնում է վեր հառնող Գյումրին, վերածնվող և օր օրի գեղեցկացող մեր սիրելի քաղաքը, և վստահեցնում եմ ձեզ, որ մայրաքաղաք Երևանը մշտապես լինելու է ձեր կողքին, և մեր համատեղ ջանքերի շնորհիվ շատ շուտով հաղթահարելու ենք բոլոր անլուծելի թվացող խնդիրները: Եվ թող որ այս միասնությունը հարատև լինի, մեր միասնականությունն ու սերը թող որ դառնա մեր ապագա խիզախումների, մեր բարեկեցիկ երկրի, մեր հաղթանակների առհավատչյան»,-ասել է քաղաքապետը:
Երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Երգացանկը հագեցած էր` համեմված սիրված կատարումներով: Գյումրի քաղաքի սրտում ջերմության ու հույզերի պակաս չկար:
Համերգի վերջում Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Երևանի գործընկերոջը` տոնի անմիջական մասնակիցը դառնալու և Գյումրին այսչափ ջերմությամբ համակելու համար: