Գործադիրն օրենսդրական առաջարկ ունի՝ ուղղված ազդարարման համակարգի կատարելագործմանը
Ազդարարման համակարգի զարգացման և կատարելագործման, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է ոլորտի խնդիրներն ու նոր կարգավորումները: Առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների և համայնքային կազմակերպությունների վրա, նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը: Առաջարկվում է հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես իրավասու մարմին, տարեկան հաղորդման շրջանակում կամփոփի ազդարարման վերաբերյալ համապատասխան վիճակագրությունը, որը ենթակա կլինի հրապարակման:
Կնախատեսվի ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը: Նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարում՝ ապահովելով հասարակության իրազեկվածության բարձրացումը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային քննարկման շրջանակում օրենսդրական փաթեթը կլրամշակվի:
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում:
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ և ստացել դրական եզրակացություն: Նախագծով քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է սահմանվելու: Ժամկետը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ և ԱԺ որոշմամբ երկարաձգվել երկու անգամ՝ մինչև վեց ամիս ժամկետով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել. սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: